«Շախմատը կոփում է մարմինդ և միտքդ». Մարիա Գալստյան



«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատիստ Մարիա Գալստյանի հետ: Նա պատմել է, թե ինչպես սիրահարվեց շախմատին, սովորեց քայլերն ու սկսեց խաղալ ինչպես պրոֆեսիոնալները:

Մարիա Գալստյանը շախմատին սիրահարվեց, երբ դեռ փոքր էր: Ընտանիքում շախմատ միշտ են խաղացել: Շախմատով են զբաղվում նրա ծնողները, եղբայրներն ու քույրերը:

«Շախամատային քայլերը հայրս է սովորեցրել, հետո գնացել եմ շախմատի դպրոց: Դժվարությամբ եմ սովորել ձիու քայլերը, բայց հայրս հեշտ մեթոդ էր մտածել թվերով` 1, 2 և 3: Այդպես ես սկսեցի խաղալ շախմատ»:

Շախմատային մրցաշարերի ժամանակ Մարիան կենտրոնանում է միջնախաղերի վրա: Ըստ նրա` այդ ժամանակ խաղն ավելի հետաքրքիր է դառնում:

«Լինում են զոհաբերություններ, ծուղակներ և դու պետք է լինես չափազանց ուշադիր, որպեսզի կարողանաս ճիշտ և մտածված խաղալ»:

Մարիան պարտությունները ծանր էր տանում փոքր ժամանակ: Ամեն պարտություն Մարիայի համար ծանր հարված էր և նա շատ էր հուզվում: Բայց հիմա, երբ մեծացել է, դարձել է ավելի ուժեղ և´ խաղում, և´ հոգեբանությամբ: Ասում է` շախմատը կոփում է:

«Շատ էի լարվում, երբ պարտվում էի: Լարվածությունն ավելի մեծ էր, երբ կարևոր մրցաշարերի էի մասնակցում, օրինակ` Հայաստանի առաջնությանը»:

Շախմատում հաջողությունների հասնել Մարիային օգնում է նաև լողը: Միտքը կոփելուց առաջ պետք է մարմինը ձգել, որպեսզի նաև ֆիզիկապես պատրաստ լինել խաղի երկար ընթացքին:

«Լինում են խաղեր, որոնց ժամանակ պետք է պարզապես 3-4 ժամ նստես խաղատախտակի առջև: Ֆիզիկապես ուժեղ լինելն օգնում է, որպեսզի կարողանաս դիմանալ երկարատև խաղերին»:

Շախմատում հաջողությունների հասնելու համար պետք է հետևել մեծերի խաղերին: Մարիայի խոսքով` պրոֆեսիոնալների խաղերը դիտելով նոր հմտություններ ես ձեռք բերում: Նրա ամենասիրած շախմատիստներն են Ռոբերտ Ֆիշերը և Միխայիլ Տալը: