«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատիստ Արտակ Ալիխանյանի հետ: Նա պատմել է, թե հատկապես ի՞նչն է իրեն դուր գալիս շախմատում:
Շախմատը Արտակի կյանք մտավ իր պապու միջոցով: Թոռնիկին շախմատ սովորեցրեց, որովհետև ինտելեկտուալ խաղը կարևորեց նրա զարգացման համար:
«Շախմատում սիրեցի ամեն ինչը. և´ խաղը, և´ շրջապատը: Դու դառնում ես մի ինտելեկտուալ միջավայրի անդամ, որը շատ կարևոր է յուրաքանչյուր անհատի համար: Կարծում եմ` շախմատիստներն իրենց երկրի համար լավ քաղաքացիներ են», - ասում է Արտակ Ալիխանյանը:
Արտակն ըդգծում է` փոքր տարիքից շախմատ խաղալով կարծես նոր մարդ ես դառնում: Խաղը 180 աստիճան փոխում է քեզ, դառնում ես ավելի զուսպ, հավասարակշռված և ուշադիր:
«Մյուս խաղերի համեմատ, շախմատը հենց սրանով է տարբեր: Այն ոչ թե միայն խաղ է, որ խաղում ես և վերջ, այլ շախմատը դառնում է քո առօրյայի մի մասնիկը: Շախմատ խաղում եմ օրվա բոլոր ժամերին, ժամանակիս մեծ մասը դրան եմ հատկացնում և դա ինձ դուր է գալիս»:
Երիտասարդ շախմատիստը հիշում է մինչև այս իր ամենահետաքրքիր խաղը, որը նաև ամենաերկարն էր: Արտակը 5 ու կես ժամ խաղացել է հանուն հաղթանակի:
«Կամ պետք է ոչ-ոքի լիներ, կամ էլ պետք է փորձեի հաղթել: Ես չէի ուզում խաղն ավարտել առանց հաղթանակի: 5 ու կես ժամ խաղալուց հետո գտա հաղթանակի հասնելու ձևն ու մրցակցիս պարտության մատնեցի»:
Արտակի ֆավորիտ շախմատիստը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է: Սիրում է նրա խաղաոճը, հետևում է Կարլսենի մասնակցությամբ բոլոր մրցաշարերին:
«Կարծում եմ` կարևոր է սիրած շախմատիստ ունենալը: Նրա միջոցով կարողանում ես մոտիվացվել, ինչ-որ տեղ փորձում ես նաև նմանվել նրան` հաղթանակների հասնել, գրանցել ռեկորդներ»:
Արտակ Ալիխանյանի վարկանիշը 2160 է: Շախմատիստի համար սա ցուցանիշ է, բայց գոհացուցիչ չէ: Հիմա պատրաստվում է հաջորդ մրցաշարերին: Վստահ է` հաղթանակն իրենն է լինելու: