«Եթե խելացի ես մտածում, ուրեմն հաղթում ես». Սևակ Մանուկյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատիստ Սևակ Մանուկյանի հետ։ Նա պատմել է, թե ինչպե՞ս շաշկիից անցավ շախմատին, ինչո՞ւ որոշեց շարունակել շախմատ խաղալ և հիմա ո՞րն է իր նպատակը։

Սևակ Մանուկյանը Արցախից է։ Իրենց տանը շախմատ սկսել են խաղալ ինքն ու եղբայրը։ Սկիզբը շաշկին էր, հետո՝ շախմատը։

«Ես ու եղբայրս շաշկի էինք խաղում, սակայն հայրս տեսավ, որ կարողանում ենք լավ խաղալ։ Նա որոշեց մեր ուժերը փորձել նաև շախմատում։ Մինչև դպրոց գնալը խաղում էինք», - պատմում է Սևակ Մանուկյանը։

Սևակն ընդգծում է՝ շախմատ խաղում են խելքով։ Ասում է՝ եթե խելացի ես մտածում, ուրեմն հաղթում ես։

«Շախմատը միայն խաղ չէ։ Ինչպես խաղում ես հասնում հաջողության կամ պարտության, այնպես էլ կյանքում։ Պետք է ճիշտ քայլեր անել, որպեսզի լավ արդյունքի հասնես»։

Սևակը հիշում է իր ամենաերկար և հետաքրքիր խաղը։ Հենց սկզբից նա գուշակել էր, որ հաղթանակն իր օգտին է լինելու։

«Եղել է պարտիա, որ մինչև վերջ ճիշտ քայլեր եմ արել։ Եվ գիտեի, որ վերջում մատ եմ անելու»։

Իր և եղբոր առօրյան սկսվում և ավարտվում է շախմատով։ Անընդհատ խաղում են, փորձում՝ սեփական ուժերը, վերջում էլ իրար խորհուրդներ են տալիս։ Սևակի նպատակը գրոսմայստեր դառնալն է։ Ուզում է լավագույն մրցաշարարերին մասնակցել, որպեսզի ներկայացնի Հայաստանն ու իր երկրի անունը բարձր պահի։