«Շախմատն իմաստունների խաղն է». Ալեքս Մանուկյան



«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատիստ Ալեքս Մանուկյանի հետ: Նա Արցախից է և այժմ ապրում է Երևանում: Ալեքսն արդեն 10 տարի շախմատ է խաղում:

Արցախցի Ալեքսը եղբոր հետ սկսեց խաղալ շաշկի, հետո` հարևանների, ընկերների հետ: Հայրը տեսավ, որ լավ են խաղում, որոշեց բարդացնել ու շախմատ սովորեցրեց: Այստեղ էլ Ալեքսն ու եղբայրը լավ արդյունք ցույց տվեցին:

«9 տարեկանում լրացրի առաջին կարգը: Շախմատում գրավեց այն, որ հեշտ էր խաղը տրվում, դարձել եմ Արցախի չեմպիոն», - ասում է Ալեքս Մանուկյանը:

Պատանի շախմատիստը 2015 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը: Ուղիղ 6 ժամ Ալեքսը շախմատ է խաղացել ու հաղթանակ գրանցել:

«Դա մինչև այս եղած իմ ամենահետաքրքիր խաղն էր: Ուժերի գերլարում էր պետք, ճիշտ քայլեր: 6 ժամ անդադար խաղում էի, հավասար դիրք էր և կենտրոնացել էի միայն հաղթանակի վրա»:

18-ամյա շախմատիստը ուզում է դառնալ շախմատի մարզիչ: Ասում է` ինքը լավ մարզիչ է ունեցել, հիմա էլ ինքն է ուզում լավ մարզիչ դառնալ, որպեսզի իր աշակերտների համար փայլուն կարիերա կերտի: