«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատիստ Րաֆֆի Ղազարյանի հետ: Նա պատմել է, թե ինչու պետք է փոքր տարիքից շախմատ խաղալ: Ասում է` շախմատը դաստիարակում է, կրթում, դարձնում ավելի ուշադիր և նպատակասլաց:
Րաֆֆի Ղազարյանը շախմատ սկսեց խաղալ մոր խորհրդով։ Իրենց տանը շախմատ խաղում էր պապը։ Մայրն էլ որոշեց, որ իր տղան էլ պետք է լավ շախմատ խաղալ իմանա։
«Ես 6 տարեկանից սկսեցի շախմատ խաղալ։ Այն ինձ միանգամից գրավեց, շատ հետաքրքիր խաղ է։ 8 տարեկանում էլ լրացրել եմ առաջին կարգս», - ասաց Րաֆֆին։
Հիմա շախմատային աշխարհն արագ է զարգանում։ Յուրաքանչյուրը փորձում է իր տեղը գրավել և լավ արդյունքներ գրանցել։ Րաֆֆին սիրում է մրցաշարարերի ժամանակ ցույց տալ, թե որքան արագ և սուր է խաղում։
«Այս դեպքում հաշվարկները շատ են, ուժեղ կենտրոնացում է պահանջում։ Չեմ սիրում, երբ դանդաղ են խաղում»։
Ըստ Րաֆֆիի՝ մրցաշարերին պետք է հատուկ պատրաստվել։ Պետք է մեծ պատասխանտվությամբ վերաբերվել խաղին՚։
«Ես մի քանի ամիս առաջ եմ պատրաստվում խաղերին։ Վերանայում եմ խաղերս։ Պետք է ուժեղ լինել, որպեսզի մրցաշարի ժամանակ շատ չլարվես, շատ չմտածես, թե այս քայլից հետո ինչ անես»։
Պատանի շախմատիստի խոսքով՝ պետք է օրը 3-4 ժամ շախմատ խաղալ, ուսումնասիրել խաղը, նոր գիտելիքներ ձեռք բերել։ Րաֆֆի Ղազարյանը ցանկանում է շախմատի մարզիչ դառնալ, որպեսզի ապագայում լավ շախմատիստներ պատրաստի։