Երևանում երրորդ անգամ մեկնարկեց շախմատի Yerevan Open մրցաշարը։ 13 երկրի 313 շախմատիստ՝ ներառյալ միջազգային կոչում ունեցող 82՝ այդ թվում 22 միջազգային գրոսմայստեր ու 25 միջազգային վարպետ պայքարելու է 11 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար։ Մասնակիցներից 191-ը Հայաստանից են, որոնց թվում են հայկական շախմատի առաջատար դիրքերում գտնվող Հովիկ Հայրապետյանը, Արման Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը, Լևոն Բաբուջյանը, կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանն ու այլոք։ Մասնակիցների թվում ամենաբարձր վարկանիշն ունի Հնդկաստանի ներկայացուցիչ Նարայանան։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը։