Yerevan Open շախմատի միջազգային բաց մրցաշարի բացմանը ելույթով հանդես եկավ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Նա ընդգծեց, որ Հայաստանը շախմատի միջազգային համայնքի և ընտանիքի կարևորագույն մասնիկն է։
«Yerevan Open-ը պետք է կայանար 2020 թվականի աշնանը, սակայն աշխարհը ցնցած համավարակը, ադրբեջանա-թուրքական ագրեսիան թույլ չտվեցին ստեղծել հնարավորություն, որպեսզի հյուրընկալենք մրցաշարն այդ ժամանակ։ Սակայն, ուրախությամբ պետք է հայտարարեմ, որ Yerevan Open 2021-ը իրականություն դարձավ մեր գործընկերներրի՝ Երևանի քաղաքապետարանի, Արցախբանկի և մյուս հովանավորների գործուն ջանքերի շնորհիվ», - ասաց Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ Երևանի բաց մրցաշարն իսկապես տոն է շախմատային համայնքի և պատանի շախմատիստների համար, որոնք հնարավորություն ունեն մրցելու ուժեղագույնների հետ։ Սա իր մասշտաբներով խոշորագույն մրցաշար է։ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը բոլորին մաղթեց հաջողություն. «թող հաղթի ուժեղագույնը»։