«Ես հասել եմ իմ երազանքին, հիմա այն սերունդներին փոխանցելու հերթն է». Հովիկ Հայրապետյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք միջազգային գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանի հետ։ Նա պատմել է, թե ինչպես սկսեց շախմատ խաղալ, ինչո՞ւ նախ խաղաց շաշկի, հետո՝ շախմատ։ Ո՞րն էր նրա երազանքը և արդյոք այն իրականություն է դարձել։ Միջազգային գրոսմայստերի շախմատային պատմությունը՝ մեկ հոդվածում։

Հովիկ Հայրապետյանը շախմատ սկսեց խաղալ, երբ հայրը հասկացավ, որ շաշկի լավ է խաղում։ Նա 7 տարեկան էր, երբ նստեց խաղատախտակի առջև ու տարվեց այդ խաղով։ Ասում է՝ հայրը նկատեց, որ շախմատային մտածողություն ունի, ինքն էլ դա հասկացավ, երբ արդեն 8 տարեկանում լրացրեց 1-ին կարգը։

«Հետո սկսեցի մարզիչով պարապել։ 8 տարեկանում 1-ին կարգ ունեցա։ Սկսեցի խաղալ միջազգային մրցաշարերում, տարբեր արդյունքներ գրանցեցի և հասա իմ երազանքին. դարձա միջազգային գրոսմայստեր», - ասաց Հովիկ Հայրապետյանը։



«Շախմատը հիմա շատ է փոխվել», - ընդգծեց Հովիկը։ Պատճառը՝ նոր տեխնոլոգիաներն են։ Ասում է՝ հնարավոր է, որ առցանց տարբերակով երեխայի հետ շախմատ խաղաս և նա քեզանից շատ ուժեղ լինի, որովհետև այստեղ օգնության է հասնում համակարգչի հիշողությունը։

«Այս դեպքում երեխան կարող է նաև շատ լավ հիշել սկզբնախաղերը, և տեսնել, որ սկզբնախաղից չես կարողանում դուրս գալ։ Հաղթանակի հասնելու հնարավորությունը կորցնում ես։ Այսինքն նա պատրաստվել է համակարգչով, գիտի հաջորդ քայլերը։ Մնում է փոխես տարբերակը, անցնես իրեն անծանոթ դիրքերի, որպեսզի իրավիճակը փոխես», - ասաց Հովիկ Հայրապետյանը։

Հովիկն ասում է, որ տարիքի հետ պետք է կողմնորոշվես, թե որ ուղղությամբ ես գնալու. դառնալու ես մարզի՞չ, թե՞ շարունակելու ես ինքնուրույն խաղալ։

«Մի պահ է գալիս, որ փորձում ես նաև փոքր սերնդին օգնել, քո գիտելիքները փոխանցել, որպեսզի իրենք էլ առաջ գնան։ Պետք է ամեն մեկին առանձնահատուկ մոտեցում ցույց տալ։ Մեկը լավ է ընկալում, մյուսը մի քանի փորձից է հասկանում», - ասաց Հովիկը։

Միջազգային գրոսմայստերի խոսքով՝ երեխաների հետ աշխատանքը չափազանց նուրբ և կարևոր գործ է։ Շախմատիստն առաջին հերթին կարևորում է երեխաների մոտ հիշողության ուժեղ առկայությունը։

«Սկզբնական շրջանում բոլորի հետ էլ սկսում եմ վերջնախաղից։ Եթե լավ են տիրապետում վերջնախաղին, ապա կարողանում են արդեն ընկալել խաղն իր ամբողջ էությամբ։ Հետո անցնում ենք միջնախաղին ու սկզբնախաղին»։

Շախմատում լավ արդյունքներ գրանցելու համար պետք է նաև լինել պարտաճանաչ. չուշանալ, ներկա լինել բոլոր պարապմունքներին, շատ աշխատել։ Հովիկ Հայրապետյանի խոսքով՝ միայն դպրոցի պարապմունքով ոչնչի չես հասնի։

«Հոգեբանական խնդիր էլ կա այստեղ։ Կան մարդիկ, որոնց հետ չի ստացվում խաղալ, անկախ նրանից, նա քեզանից ուժե՞ղ է, թե՞ ոչ։ Հոգեբանական կողմը շախմատում շատ ուժեղ է։ Նաև շատ կարևոր է շախմատային գրականությունը։ Լավ պարտիաներ պետք է իմանալ, որպեսզի կարողանաս դրանց հիման վրա ստեղծել քո խաղը»։

Հովիկն ընդգծում է, որ հայերը լավ շախմատիստներ են։ Այն անհատական մարզաձև է և հայերի մոտ շատ լավ է ստացվում։ Պարզապես պետք է երեխաները շատ աշխատեն իրենց վրա։

«Որքան շատ ես մասնակցում մրցաշարերի, այնքան ավելի օգտակար է։ Մրցաշարերից հետո վերլուծում ես խաղերը, հասկանում ես սխալներդ ու դրանք փորձում ես հետագայում չկրկնել»։

Միջազգային գրոսմայստեր և մարզիչ Հովիկ Հայրապետյանը իր խոսքը եզրափակում է հետևյալ մտքով. «Եթե երեխան պարտվում է, ապա մենք անցնում ենք վերլուծական մասին։ Նաև հոգեբանական աջակցությունն է այս պահին կարևորվում։ Պետք է օգնել, որպեսզի երեխան հոգեբանորեն դուրս գա պարտված վիճակից, սթրեսից և իր մեջ ուժ գտնի, որպեսզի պատրաստվի հաջորդ խաղերին»։