«Շախմատը միայն խաղ չէ, այն քո կենսակերպն է». Գոռ Հարությունյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 10-ամյա շախմատիստ Գոռ Հարությունյանի հետ: Նա արդեն 3.5 տարի է, ինչ շախմատ է խաղում և 2-րդ կարգ է:

Գոռ Հարությունյանը շախմատով սկսեց զբաղվել պատահաբար: Նա մի անգամ գնաց մոր աշխատանքի վայրը և տեսավ, որ իր տարիքի երեխաները շախմատ են խաղում: Այդտեղից էլ հետաքրքրություն առաջացավ ինտելեկտուալ խաղի հանդեպ ու սկսվեց Գոռի շախմատային կարիերան:

«Ինձ դուր եկավ խաղի գեղեցկությունը: Հետաքրքիր է խաղի ձևը. սկզբնախաղերը, միջնախաղերն ու վերջնախաղերը: Եթե մի տեղ վատ ես խաղում, հնարավորություն ունես սխալդ շտկելու: Սա թույլ ես տալիս հասկանալ, որ ամեն քայլ պետք է մտածված անես»,- ասաց Գոռը:

Շախմատում Գոռի համար ամենակարևոր պահը ուշադիր լինելն է: Ասում է` բացի խելացի խաղ ցույց տալուց, կենտրոնացումը առաջնահերթ է: Եթե ուշադիր կամ պատրաստ չեղար երկար խաղի, գուցե պարտություն կրես:

«Հոգեբանական պահեր էլ կան: Մինչև մրցաշարը, պետք է նաև ուժեղանալ հոգեպես, որպեսզի պատրաստ լինես: Սա ինձ համար շատ կարևոր է: Խաղի ժամանակ ամեն ինչ ազդում է քո վրա: Եթե վատ տրամադրություն ունես, կամ այլ բաների մասին ես մտածում, դժվար է հույս ունենալ, թե լավ արդյունք կգրանցես, իսկ շախմատում արդյունքը ամենակարևորն է»,- ընդգծեց Գոռը:

Գոռ Հարությունյանի ֆավորիտ շախմատիստը Ռոբերտ Ֆիշերն է: Նրան տպավորել է Ֆիշերի կարիերան, թե ինչպես է գեղեցիկ խաղ ցուցադրում, հետաքրքիր քայլեր անում: Գոռի համար սա մոտիվացիայի լավ օրինակ է:

«Նա շատ ճկուն է խաղում: Միակ բանը, որ ինձ դուր չեկավ, նրա հոգեկան խնդիրներ ունենալն էր: Ֆիշերը մի անգամ նույնիսկ չեկավ աշխարհի խաղերին, որպեսզի ևս մեկ անգամ պահպաներ աշխարհի չեմպիոնի կոչումը»,- պատմեց պատանի շախմատիստը:

Հիմա Գոռն ուզում է դառնալ աշխարհի չեմպիոն: Ընդգծում է` պիտի այնպիսի շախմատիստ դառնա, որ կարողանա իր երկրի պատիվը բարձր պահել: