«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք ֆիդեի վարպետ, շախմատի մարզիչ Սարգիս Մանուկյանի հետ։ Նա պատմել է շախմատ խաղալու, գործած սխալների և մարզիչ դառնալու մասին։ Սարգիս Մանուկյանի համար թե՛ շախմատում, թե՛ կյանքում կարևոր է աշխատասիրությունը, որը նա փորձում է փոխանցել իր աշակերտներին։
Հայկական իրականության մեջ բակային կյանքը միայն չէր սահմանափակվում ֆուտբոլով, բասկետբոլով կամ ուժային այլ խաղերով։ 2000-ականների սկզբին մեծերն ու փոքրերը նաև նախընտրում էին ավելի հանգիստ խաղերը՝ շաշկին և շախմատը։ Ավելի շատ սովորաբար խաղում էին շաշկի, քանի որ այն ավելի կարճ էր տևում, մտածելու քիչ առիթ կար։ Սարգիսն էլ փոքր տարիքում սկսեց շաշկի խաղալ բակի երեխաների ու մեծերի հետ։
«Ես շաշկի լավ էի խաղում։ Հորեղբորս տղան տարիքով ինձնից մոտ 7-8 տարի մեծ էր։ Նրա և իր ընկերների հետ շաշկի էի խաղում ու բոլորին հաղթում էի։ Հարևանները նկատեցին տաղանդս ու ծնողներիս խորհուրդ տվեցին ինձ տանել շախմատի», - հիշում է 26-ամյա Սարգիս Մանուկյանը։
Սարգիսը 6 տարեկան էր, երբ սկսեց շախմատ սովորել։ Խաղն ու դրա նրբությունները արագ ընկալեց։ 2 տարի հետո՝ 8 տարեկանում 1-ին կարգ ձեռք բերեց։ Հետո՝ պատանեկան տարիներին 3 անգամ Երևանի չեմպիոն դարձավ, Հայաստանի առաջնությունում դժվար էր 1-ին տեղ գրավելը, որովհետև այնտեղ ուժեղագույններն էին, բայց 3-ից 5-րդ տեղերում նրա անունը եղել է։
«Հետագայում պիտի որոշվեր՝ կարիերաս շախմատո՞ւմ շարունակեմ, թե՞ ոչ։ Որոշեցի մնալ շախմատում և կարիերաս շարունակել մարզչական ոլորտում։ 19 տարեկան էի, երբ դարձա շախմատի մարզիչ, որը նույնպես իր հետաքրքրությունն ու առավելությունն ունի», - ընդգծեց ֆիդեի վարպետը։
Շախմատիստին հետաքրքրեց մարզչությունը։ Ասում է մի նոր աշխարհ է, որտեղ քեզանից այլ ունակություններ են պահանջվում, բացի լավ շախմատ խաղալը։ Հիշում է՝ փոքր տարիքում լավ խաղում էր, բայց այդքան էլ աշխատասեր չէր։
«Հիմա, երբ երեխաների հետ եմ աշխատում, հիշում եմ, թե ինչ սխալներ էի թույլ տալիս այդ տարիքում և աշակերտներիս այնպես եմ մարզում, որ նույն սխալներն իրենք չկրկնեն։ Նրանք պետք է լինեն ավելի աշխատասեր, որովհետև դրանից է շատ բան կախված», - ասաց շախմատիստը։
Սարգիսն ասում է, որ մարզիչը շատ բան կարող է տալի երեխաներին, բայց գիտելիքի փոխանցման այդ կապը չի կարող միակողմանի լինել։ Ընդգծում է՝ միայն ճիշտ խորհուրդներով, երեխաներին գիտելիքի, աշխատասիրության դաշտ բերելով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի։
«Նույնիսկ ամենաթույլ երեխային պետք է աշխատասեր դարձնել։ Թեկուզ, եթե նա շախմատիստ չդառնա, հետագայում այդ աշխատասիրությունը նրան կօգնի այլ ոլորտում լավ մասնագետ դառնալ։ Մարզիչը պետք է պահանջկոտ լինի», - ասաց Սարգիսը։
Մարզիչի խոսքով այստեղ կարևոր է նաև ծնողների դերը։ Մարզիչ, երեխա և ծնող կապը ամենակարևորն է։ Այս երեքի փոխգործակցությամբ միայն հնարավոր կլինի լավ արդյունքի հասնել։
«Երեխան կարող է լինել տաղանդավոր, բայց եթե մարզիչը պահանջկոտ չեղավ, իսկ ծնողը՝ ուշադիր, մենք արդյունք չենք ունենա», - ընդգծեց Սարգիս Մանուկյանը։
Սարգիս Մանուկյանն ընդգծում է՝ շախմատը մոդայիկ է, այն կրթում, դաստիարակում է երեխային, դարձնում՝ համբերատար, մտածող, աշխատասեր։ Ասում է՝ շախմատը սպորտ է, որ մարզում է ուղեղը, մարմինը և հոգին։ Այն կենսակերպ է և շախմատ խաղալ պետք է բոլորն իմանան։