«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատիստ Արմեն Հարությունյանի հետ: Նա, ինչպես մյուս պատանիները, շախմատ սկսեցին խաղալ, քանի որ իրենց դուր եկավ խաղի ինտելեկտուալ լինելու հանգամանքը: Արմենը սիրում է մտածել, ուսումնասիրել ու լուծել շախմատային խնդիրներ: Շախմատում գրանցած ցանկացած հաջողությություն նրա համար ոգևորիչ է:
Արմեն Հարությունյանը սիրում է շախմատի խաղաոճը. տրամաբանություն, ծուղակներ, շախ և մատ: Սիրած խաղաքարը ձին է:
«Այն լավ խաղաքար է շախմատում, ուժեղ հնարավորություններ ունի: Եթե ձիով գրոհում ես, հակառակորդդ պետք է լուրջ տրամադրվի, որովհետև ձիով ամեն քայլ կարող է վատ հետևանքներ ունենալ մրցակցիդ համար»,- ասաց Արմեն Հարությունյանը:
Բացի շախմատային կարիերայի գագաթնակետին` աշխարհի չեմպիոնի տիտղոսին հասնելուց, Արմենը ցանկանում է նաև մարզիչ դառնալ: Ասում է` իրեն դուր է գալիս գիտելիք փոխանցելը, նոր բան սովորելն ու այդ սովորածն ընկերներին պատմելը:
«Կարծում եմ, որ միայն խաղալը շախմատում բավարար չէ: Դու պետք է նաև հոգեբանությամբ, քո կենսակերպով շախմատիստ լինես: Դա բարդ բան է, բայց ինձ մոտ կստացվի: Աշխատում եմ այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Արմենը սիրում է տակտիկական հնարքներ կիրառել: Զոհաբերություններն էլ իր խաղում անպակաս են: Փորձում է ամեն անգամ հետաքրքիր խաղ ստանալ:
«Եթե դու սիրում ես շախմատը և հաճույք ես ստանում խաղից, պետք է նաև հետաքրքիր խաղաս, քո խաղը չպետք է միայն քեզ հետաքրքրի: Պետք է այնպես խաղալ, որ այն նաև հետաքրքրի հանդիսատեսին, երկրպագուներիդ: Չի կարելի միայն քո մասին մտածել», - անկեղծանում է Արմենը:
Երեկ ավարտվեց նաև Տ. Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի բաց առաջնությունը: Արմեն Հարությունյանը գրավեց 2-րդը տեղը: