«Շախմատի հանդեպ իմ սերը երբեք չի մարի». Արման Հարությունյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 10-ամյա շախմատիստ Արման Հարությունյանի հետ: Նա 1-ին կարգ է և 6 տարեկանից շախմատ է խաղում:

Պապի` Արմանին շախմատ սովորեցնելու փորձերը միշտ անհաջողության էին մատնվում, քանի որ փոքրիկ Արմանը չարաճճի երեխա էր: Ծնողներն, ի վերջո, որոշում են նրան տանել շախմատի մարզադպրոց, որտեղ մարզչի հսկողությամբ պետք է Արմանը սովորեր շախմատ խաղալ:

«Ես շատ հավանեցի շախմատը: Սկսեցի և´ տանը` պապիս հետ, և դպրոցում շախմատ խաղալ: Խաղաոճը շատ հետաքրքիր է: Երբ քայլերն էի սովորում, միշտ հետաքրքրում էր, թե ինչպես դրանց միջոցով կարող եմ հաղթանակի հասնել: Վստահ եմ, որ շախմատի հանդեպ իմ սերը երբեք չի մարի», - ասաց Արմանը:

Արմանը թվարկում է իր բոլոր տպավորիչ պարտիաները: Տիգրան Պետրոսյանի անվան մրցաշարի ժամանակ հակառակորդին գեղեցիկ մատ է հայտարարել:

«Արքայական թևում անցա հարձակման: Բոլոր խաղաքարերի օգնությամբ կարողացա մատ հայտարարել», - հիշում է նա:

Տիգրան Պետրոսյանի` մոտ 400 էջանոց գիրքը Արման Հարությունյանի գրադարանում պատվավոր տեղն է զբաղեցնում: Նա գիրքն արդեն կարդացել է ու տպավորված է Պետրոսյանի շախմատային կարիերայով:

«Տիգրան Պետրոսյանի կյանքը, նրա առօրյան, շախմատային պարտիաները... Այդ գրքում կարելի է ամեն ինչ գտնել»:

Արման Հարությունյանի ֆավորիտ շախմատիստը Ռոբերտ Ֆիշերն է: Նա ոգևորված է այդ շախմատիստի տաղանդով և իր հաջողություններին հասնում է հզորներին հիշելով:

«Ռոբերտ Ֆիշերը փոքր տարիքից է սկսել հրաշագործություններ կատարել, լրացրել է միջազգային գրոսմայստերի կոչումը: Նրա վարկանիշը շատ բարձր է եղել` 3 հազարից ավելի: Նա չէր սիրում խաղն ավարտել ոչ-ոքի: Կամ հաղթում էր, կամ` պարտվում: Պարտությունները շատ քիչ են եղել: Ինձ դուր է գալիս, որ նա զոհաբերություններով էր խաղում, գեղեցիկ մատեր էր հայտարարում»,- ընդգծեց Արման Հարությունյանը:

Հիմա տանը Արմանի առօրյան փոխվել է: Ամեն մրցաշարից հետո երեկոներն անցկացնում է պապի հետ: Քննարկում են, զրուցում ու վերջում թեյի սեղանի շուրջ ամփոփում Արմանի խաղացած մրցաշարն ու լուծում շախմատային խնդիրները: