«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 1-ին կարգի շախմատիստ Նվարդ Հայրապետյանի հետ: Նա սկսել է շախմատ խաղալ 8 տարեկանից և այժմ 13 տարեկան է:
Ինչպես կինոյում, երբ պատահականությունները դառնում են վճռորոշ և ֆիլմի հերոսը որոշում է շախմատ խաղալ, այնպես էլ Նվարդի դեպքում եղավ: Օրերից մի օր նրա եղբայրը, որը դեռ 1 տարի էր շախմատով զբաղվում, մտածում էր մի խնդրի վրա, Նվարդն այն մի քանի րոպեում լուծեց:
«Կողքից դիրքը նայելով այդ խնդրի պատասխանն ասացի: Հետո եղբորս մարզիչն ասաց, որ կարող եմ լավ շախմատիստ դառնալ: Փորձեցի ու այդ խաղը հավանեցի»,- հիշում է Նվարդը:
Նվարդ Հայրապետյանը դիրքային շախմատն է սիրում: Աշխատում է չգրոհել ու խաղը հանգիստ տանել դեպի հաղթանակ:
«Ես ավելի հանգիստ մարդ եմ դարձել, նաև` հավասարակշռված ու նպատակասլաց: Շախմատային կարիերայումս դրված նպատակներիս փորձում եմ ամեն կերպ հասնել»,- ընդգծում է նա:
Հիշում է իր ամենատպավորիչ խաղը: Մեկնել էր Ռուսաստան` մասնակցելու թիմային մրցաշարի:
«Ֆրանսիացու հետ պարտիա էի խաղացել, որը շատ էր դուր եկել մեր գլխավոր մրցավարին: Ես մրցանակի արժանացա, մրցավարն էլ խոստացավ, որ իմ խաղի մասին կգրի իր գրքում: Այդպես էլ եղավ»,- պատմում է շախմատիստը:
Նվարդի համար շախմատում ամենակարևորը հոգեբանորեն պատրաստ լինելն և կենտրոնացած խաղալը: Ամեն մրցաշարին հատուկ է պատրաստվում, ուսումնասիրում է իր հակառակորդին:
«Պետք է նաև միշտ լավ մարզավիճակում լինել, որպեսզի կարողանաս երկար խաղալ և չհոգնել»,- ասում է Նվարդը:
Նվարդի խորհուրդն է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են շախմատիստ դառնալ. գնացեք ձեր ցանկությունների հետևից: