«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 14-ամյա շախմատիստ էդգար Հայրապետյանի հետ։ Նա 1-ին կարգ ունի։ Էդգարը պատմել է իր շախմատային երազանքների և նպատակների մասին։
Էդգար Հայրապետյանը շախմատ սկսեց խաղալ 8 տարեկանում։ Շախմատի հանդեպ հետաքրքրությունն առաջացավ այն ժամանակ, երբ տեսավ, թե ինչպես են հայրն ու եղբայրը շախմատ խաղում։ Էդգարի ուշադրությունը գրավեց խաղը, քանի որ այն հետաքրքրում էր նաև իր ծնողին։
«Ինձ հետաքրքրեց խաղը։ Նրանք պրոֆեսիոնալ շախմատով չեն զբաղվում, այլ ազատ ժամանակ են խաղում, բայց ես որոշեցի, որ պետք է պրոֆեսիոնալ շախմատիստ դառնամ», - ասաց Էդգար Հայրապետյանը։
Էդգարը սիրում է զոհաբերություններով խաղալը։ Հարձակման ոճը շատ է սիրում և բազմաթիվ կոմբինացիների գիտակ է։
«Շախմատում կարևոր է թե՛ սկզբնախաղը, թե՛ միջնախաղը և թե՛ վերջնաղախը։ Սակայն ավելի մեծ ուշադրություն եմ դարձնում վերջնախաղին, որովհետև դա է որոշում խաղիդ վերջնարդյունքը։ Եթե հաղթած դիրքում չիմանաս վերջնախաղի կանոնները, ապա դժվար կլինի հասնել հաղթանակի», - ասաց Էդգարը։
14-ամյա շախմատիստը Երևանի կրկնակի չեմպիոն և փոխչեմպիոն է։ Հաղթել է Փոթիի միջազգային մրցաշարում մինչև 10 և մինչև 9 տարեկանների շարքում։ Հայաստանի կիսաեզրափակչում 3-րդ տեղն է գրավել։ Էդգարը նախընտրում է սպիտակներով խաղալը։
«Մի քայլ առաջ ես։ Ընդհանրապես չեմ շտապում խաղալիս։ Միշտ երկար եմ մտածում, որպեսզի ճիշտ խաղամ», - ասաց շախմատիստը։
Էդգարն ասում է, որ հոգեբանական առումով էլ պետք է շախմատիստ լինել, իսկ բնավորությամբ՝ հանգիստ։ Նա ունի կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ։ Ցանկանում է դառնալ Հայաստանի չեմպիոն, ընդգրկվել հավաքականում և Եվրոպայի առաջնություններում գրավել առաջին տեղերը։