«Ծննդյանս լավագույն նվերը կարող է լինել շախմատային գիրքը». Նարեկ Ղիմոյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 15-ամյա Նարեկ Ղիմոյանի հետ։ Նա շախմատ սկսեց խաղալ 8 տարեկանում։ Արդեն 10 տարեկան էր, երբ 1-ին կարգ ձեռք բերեց։ Նարեկ Ղիմոյանը պատմել է, թե ինչպես սկսեց շախմատային կարիերան ու մինչև ուր է ուզում հասնել։

Նարեկի՝ լավ շախմատիստ դառնալու հնարավորությունը նկատեց դպրոցի շախմատի ուսուցիչը։ Լուրը հասավ ծնողներին, որոնք էլ Նարեկին տարան շախմատի դպրոց։

«Այդտեղից էլ սկսեցի պրոֆեսիոնալ շախմատով զբաղվել։ Շախմատային խնդիրներն էի լավ լուծում, բոլորին հաղթում էի։ Որոշեցի թողնել ֆուտբոլն ու ավելի խորանալ շախմատում», - ասաց Նարեկը։

Նարեկը նաև մտածում էի մարզիչ դառնալու մասին։ Վստահ է, որ իր ստացած գիտելիքներն ապագայում կկարողանա փոխանցել մյուսներին ու նրանցից կերտել լավ շախմատիստներ։

«Ես աշխատում եմ գրքերով, համակարգչով։ Կարելի է ասել, որ լավ շախմատիստ դառնալու համար պետք է բազմակողմանի զարգացած լինես։ Ուղեղդ անընդհատ պետք է մարզես, որ միշտ լավ մարզավիճակում լինես», - նշեց պատանի շախմատիստը։

Նարեկի ֆավորիտ շախմատիստը Մագնուս Կառլսենն է։ Աշխարհի չեմպիոնը մանուկ հասակից է փայլել իր տաղանդով։

«Ես շատ բան եմ սովորում նրա խաղերը դիտելով», - ընգծեց նա։

Հիմնականում հարձակվելով, բայց նաև պաշտպանվելով. սա Նարեկի խաղաոճն է։ Շախմատը կարևոր դեր ունի նաև նրա ընտանիքում։

«Ընտանիքիս անդամներն են ինձ խրախուսում, որպեսզի մասնակցեմ մրցաշարերին և հաղթանակներ բերեմ տուն», - անկեղծացավ Նարեկ Ղիմոյանը։

Հիմա Նարեկն ուզում է պրոֆեսիոնալ շախմատիստ դառնալ։ Վերցնել գրոսմայստերի կոչումն ու Շախմատի Հայաստանի հավաքականի հետ հաղթել օլիմպիադաներում։