«Շախմատը խելացի մասնագիտություն է». Հայկ Հակոբյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 7-ամյա Հայկ Հակոբյանի հետ։ Նա մեզ պատմել է, թե ինչպե՞ս սկսեց շախմատ խաղալ և ինչի՞ է ուզում հասնել ապագայում։

Հայկին շախմատ սովորեցրեց պապը։ Մի օր տեսավ, թե ինչպես է շախմատ խաղում և իր մոտ էլ հետաքրքրություն առաջացավ խաղի նկատմամբ։

«Հետո մայրս ասաց, որ կարող եմ գնալ շախմատի։ Ես էլ գնացի։ Հիմա լավ եմ սովորում ու բոլորին հաղթում եմ», - ուրախությամբ նշեց Հայկը։

7-ամյա Հայկին շախմատում ամենաշատը հետաքրքրեց խաղի ձևը, խաղաքարերի քայլերն ու վերջում տրվող հաղթանակը։ Հայկը սիրում է սպիտակներով խաղալը։

«Սպիտակները առաջինն են սկսում խաղը և ես էլ ուզում եմ միշտ առաջինը լինել ու հաղթել», - ասաց նա։

Շախմատն, ըստ Հայկի, խելացի մասնագիտություն է։ Ինքն էլ ցանկանում է խելացի, ուժեղ շախմատիստ դառնալ։

«Ես նաև ցանկանում եմ բժիշկ դառնալ ու շախմատի մարզիչ դառնալ։ Ես սիրում եմ մարզչական գործը, իսկ բժիշկ ցանկանում եմ դառնալ, որպեսզի բուժեմ մարդկանց», - ընդգծեց Հայկը։

Հակն ամեն օր շախմատ է խաղում։ Ասում է՝ պետք է միշտ խաղալ, որ հաղթանակներդ ավելի հեշտ տրվեն։ Այժմ Հայկը դեռ բացահայտում է շախմատային աշխարհն ու խոսք տալիս, որ իր անունը դեռ կլսեն։