«Պետք է միշտ լավ արդյունք ցույց տալ». 7-ամյա Ալբերտ Այվազյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատիստ Ալբերտ Այվազյանի հետ։ Նա պատմել է, թե ինչո՞ւ է սիրում շախմատը և ինչպե՞ս է պատկերացնում իր ապագան այս ինտելեկտուալ խաղում։

Սա Ալբերտի առաջին հարցազրույցն է. միքիչ կաշկանդված, բայց պատրաստ պատմելու իր հաջողությունների, դժվարությունների և շախմատային խնդիրների մասին։

«Երբ նստեցի խաղատախտակի առջև և սկսեցի սովորել շախմատային քայլերը, հասկացա, որ այս խաղն ինձ դուր է գալիս», - պատմեց Ալբերտը։

Սկզբում դժվար, բայց հետո հեշտությամբ յուրացրեց խաղի կանոնները։ Ասում է՝ իր համար առաջին պայմանը լավ շախմատիստ դառնալն է։

«Ես սիրում եմ ամեն ինչում լինել առաջինը։ Ինձ տանը և նաև այստեղ՝ շախմատի դպրոցում, սովորեցրել են, որ պետք է միշտ լավ արդյունք ցույց տալ ամեն ինչում», - ընդգծեց Ալբերտը։

Ալբերտը 7 տարեկան է և արդեն 1 տարի զբաղվում է շախմատով։ Նա ապագայում ցանկանում է դառնալ միջազգային գրոսմայստեր ու գրանցել մեծ հաղթանակներ։