Ծաղկաձորում ընթանում է ԲՎԴ-ի շախմատի ուսումնամարզական հավաքը


Ծաղկաձորի Գրողների տանը ապրիլի 4-ից ընթանում է Երևանի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոցի ուսումնամարզական հավաքը, որը կտևի մինչև ապրիլի 10-ը:

Ուսումնամարզական հավաքին մասնակցում է 29 պատանի շախմատիստ, որոնցից 19-ը ապրիլի 13-ից կմասնակցեն Հայաստանի պատանիների եզրափակիչ մրցաշարին:

Շախմատային հավաքին մասնակցում են 8-ից 18 տարեկան Երևանի շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները:

Հավաքը սկսվեց արագ շախմատի մրցաշարով, որի արդյունքների հիման վրա հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով:

Մինչև 10 տարեկանների պայքարում լավագույն արդյունք ցույց տվեց Գաբրիելա Հարությունյանը: Մինչև 12 տարեկանների պայքարում հաղթող ճանաչվեց Մանվել Առաքելյանը: Մինչև 14 տարեկանների պայքարում լավագույնը Նարեկ Ղազարյանն էր, իսկ մինչև 16 տարեկանների պայքարում հաղթեց Գագիկ Չատինյանը:

Աղջիկների պայքարում երկրորդ տեղը գրավեց Նվարդ Հայրապետյանը, իսկ հաղթող ճանաչվեց Անահիտ Մկրտչյանը:

Մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց Բենիկ Ագասարովը, 2-րդ հորիզոնականում Սևակ Մանուկյանն էր, իսկ 3-րդ տեղը գրավեց Ալբերտո Աթոյանը: