4 չեմպիոն, 1 երկրորդ և 3 երրորդ մրցանակակիր


Ավարտվեց 2022թ.-ի Հայաստանի պատանիների և աղջիկների շախմատի առաջնությունը:

Մրցաշարում մեծ հաջողությունների հասան Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները: Նշենք, որ սա մեր սաների առաջին խոշոր ստուգատեսն էր, քանի որ մարզադպրոցը բացվել է 2021 թվականի մայիսին:

Մինչև 10տ. աղջիկների պայքարում անգերազանցելի էր Գաբրիելա Հարությունյանը (մարզիչ՝ Գևորգ Ալավերդյան): Գաբրիելան 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր և 2 միավորով առաջ անցավ երկրորդ մրցանակակրից:

Մինչև 12 տարեկան աղջիկների պայքարում բացահայտ առավելությամբ հաղթեց Սոնա Կրկյաշարյանը: Սոնան մրցաշարն ավարտեց առանց պարտության: Մարզիչ Վարդան Մելքոնյանի սանը վաստակեց 9 միավոր և 1,5 միավորով գերազանցելով մոտակա մրցակցի արդյունքը նվաճեց չեմպիոնի կոչումը:

Այս նույն խմբում բարձրագույն վարպետության մարզադպրոցի սան Լիլիա Դանիելյանը (մարզիչ՝ Գևորգ Ալավերդյան) 11 հնարավորից ձեռք բերեց 7 միավոր և գրավեց 3-րդ մրցանակային տեղը:

Մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում բարձրագույն վարպետության մարզադպրոցի սաները գրավեցին ամբողջ մրցանակային պատվանդանը: Նշենք, որ այս խմբում շատ համառ պայքար ստացվեց:

Չեմպիոնուհի դարձավ Անի Ավետիսյանը (մարզիչ՝ Վարդան Մելքոնյան):

Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Մարիա Գալստյանը (մարզիչ՝ Գևորգ Ալավերդյան ) և Անահիտ Մկրտչյանը (մարզիչ՝ Վահե Բաղդասարյան):

Մինչև 12տ. պատանիների մրցաշարում գերազանց արդյունք ցուցաբերեց Նարեկ Ղազարյանը (մարզիչ՝ Հովիկ Հայրապետյան): Նարեկը հանդես եկավ առանց պարտության, 11 հնարավորից վաստակեց 10 միավոր: Հետաքրքիր է , որ այս մրցաշարում ևս մեկ մասնակից՝ Վոլոդյա Թորոսյանը (Գյումրի) պարտվելով Նարեկին կարողացավ հաղթել մնացած բոլոր մասնակիցներին և նույնպես ձեռք բերել 10 միավոր: Համաձայն կանոնադրության, լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոնի կոչումը նվաճեց Նարեկ Ղազարյանը:

Այս խմբում շատ լավ հանդես եկավ բարձրագույն վարպետության մարզադպրոցի մեկ այլ սան ՝ Մանվել Առաքելյանը (մարզիչ՝ Վահե Բաղդասարյան): 11 հնարավորից 8 միավորով Մանվելը դարձավ երրորդ մրցանակակիր, 2 միավորով առաջ անցնելով 4-րդ տեղը գրաված մասնակցից:

Նշենք,որ մրցաշարին չմասնակցեց մինչև 14 տարեկանների վարկանիշային առաջատարը՝ Բենիկ Ագասարովը: Բենիկը արդեն ունի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ուղեգիր և մարզվում է անհատական գրաֆիկով:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մրցանակակիրներին: