«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 7-ամյա շախմատիստ Նարեկ Սարոյանի հետ։ Կամաց-կամաց, բայց սահուն քայլերով Նարեկը առաջ է գնում շախմատում և պատրաստվում է պրոֆեսիոնալ շախմատիստ դառնալ։
Նարեկը շախմատի պրոֆեսիոնալ աշխարհ մուտք գործեց անցած տարի։ Առաջին քայլերը, հաղթանակներն ու պարտությունները գրանցել է մարզադպրոցում։
«Ես չէի պատկերացնում, թե որքան հետաքրքիր է շախմատը։ Միշտ կողքից եմ նայել, թե ինչպես են ուրիշները խաղում, բայց երբ սկսեցի ես խաղալ, հասկացա, որ այն իսկապես հետաքրքիր խաղ է», - պատմեց Նարեկը։
Շախմատիստի կարիերան նոր-նոր սկսող Նարեկը ոգևորությամբ է ընդգծում՝ երբ նստում է խաղատախտակի առջև ու սկսում խաղալ, ամբողջությամբ ընկղմվում է խաղի մեջ՝ մոռանալով մնացած ամեն ինչը։ Նրա համար կարևոր է կենտրոնացած և ուշադիր լինելը։
«Մի քանի ամիս է անցել, բայց արդեն զգում եմ, թե շախմատն ինչպիսի ազդեցություն է թողել ինձ վրա։ Ես սկսել եմ ավելի ուշադիր լինել ամեն ինչի նկատմամբ, դասերս էլ եմ լավ սովորում։ Կենտրոնացումս ուժեղացել է», - ընդգծեց նա։
Դեռ 7 տարեկան է, բայց կյանքում արդեն մեծ նպատակներ է դրել իր առջև։ Նարեկ Սարոյանը ուրախությամբ նշում է, որ ցանկանում է խորանալ շախմատում, դառնալ պրոֆեսիոնալ և մի քանի տարի անց Հայաստանի դրոշը ծածանել աշխարհի տարբեր երկրներում։