«Շախմատը քեզ տալիս է մոտիվացիա». 7-ամյա Ռոբերտ Այվազյան


«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք 7-ամյա Ռոբերտ Այվազյանի հետ։ Նա արդեն 1 տարի շախմատով է զբաղվում և ցանկանում է դառնալ պրոֆեսիոնալ խաղացող։

7-ամյա Ռոբերտ Այվազյանը շախմատի տախտակի առջև նստած մտածում է հերթական խնդիրը լուծելու մասին։ Նա շախմատի մարզադպրոց ընդունվել է անցած տարի և արդեն կարողանում է բարդ խնդիրներ լուծել։

«Երբ խաղում ես, ամբողջությամբ ընկղմվում ես խաղի մեջ։ Կենտրոնանում ես, մտածում ես, թե որն է լինելու հերթական քայլդ։ Այդ ամենն ինձ դուր է գալիս», - ասաց Ռոբերտը։

Ռոբերտի համար շախմատը միայն զբաղմունք չէ։ Այն դարձել է իր առօրյայի մի մասը։ Դպրոցի դասերն ավարտելուց ու միքիչ հանգստանալուց հետո նա վերցնում է շախմատն ու սկսում խաղալ։

«Ես շախմատ խաղում եմ ամեն օր։ Կարելի է ասել, որ ազատ ժամանակիս մեծ մասը նվիրում եմ այս խաղին, որովհետև կարծում եմ, որ այդպես ժամանակս ճիշտ եմ տնօրինում ու հետագայում պրոֆեսիոնալ շախմատիստ կդառնամ», - պատմեց Ռոբերտը։

Շախմատիստի երազանք է դառնալ պրոֆեսիոնալ։ Ռոբերտն ասում է՝ այս խաղը ոչ միայն ուղեղդ է մարզում, այլ նաև կոփում է մարմինդ ու հոգիդ։ Ինտելեկտուալ խաղը նոր մոտիվացիա է Ռոբերտ համար։