Երևանի ֆեդերացիայի նախագահի և ԿԳՄՍ նախարարի այցը Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարին


Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանն արդեն 4 օր է, ինչ ընթանում է մեծանուն շախմատիստ Արսեն Եղիազարյանի հուշամրցաշարը, որն անցկացվում է Երևանի շախմատի ֆեդերացիայի և ԿԳՄՍ նախարարության համատեղ ջանքերով։

Այսօր Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը այցելեցին Շախմատի տուն, որտեղ նրանք պարտիաներում կատարեցին սպիտակների առաջին քայլը և հետևեցին 4-րդ խաղափուլին:

Մխիթար Հայրապետյանը խոսելով հուշամրցաշարի կարևորության մասին՝ նշեց, որ սրանով մեծարում են հայ շախմատիստ Արսեն Եղիազարյանին և փորձում են վառ պահել նրա հիշատակը: Երիտասարդ պատանի շախմատիստները հնարավորություն են ստանում իրենց ուժերը փորձելու արտասահմանցի շախմատիստների հետ։

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի կարծիքով՝ այս միջազգային հուշամրցաշարը շախմատիստների աճի, զարգացման տեսանկյունից բացառիկ հնարավորություն է։