Տեղի ունեցավ «Երևան Օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարի բացման արարողությունը



9 տուր շարունակ 15 երկրի 292 ուժեղագույն շախմատիստներ կպայքարեն լավագույնի կոչման, ինչպես նաև մրցանակային տեղերի համար: «Երևան Օփեն» մրցաշարին մասնակցում է միջազգային կոչում ունեցող 55 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստերներ են: Մրցանակային ֆոնդը կազմում է 14 միլիոն դրամ:

«Երևան Օփեն» շախմատի միջազգային 4-րդ մրցաշարի բացման արարողությանը մասնակցում էին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, «Երևան Օփեն» մրցաշարի գործընկերները:

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ելույթում ներկայացրեց, թե ինչու է շախմատն այսքան պոպուլյար մեր երկրում: Նրա բնորոշմամբ՝ շախմատը ազնվության, արդարության, զսպվածության, հանդուրժողականության և մրցակցին հարգելու մասին է:

«Գուցե աշխարհում կլինեն տարատեսակ ընկալումներ, թե շախմատը ագրեսիայի կամ ապօրինի կերպով մրցակցի խաղաքարերին տիրանալու մասին է: Մենք հավատացած ենք, որ ագրեսիան, խաղի կանոններից դուրս որևէ քայլ անելիք չունեն խաղատախտակի շուրջ: Ահա՛ սա է հիմնական պատճառը, որ մենք՝ հայերս, այսքան մեծ ուշադրություն ենք դարձնում շախմատի մասսայականացմանը մեր երկրում: Ունենք հույս և համոզմունք, որ որքան շատ մարդ խաղա շախմատ, հասկանա փիլիսոփայությունը, գուցե աշխարհն ավելի լավը դառնա», - ասաց Մխիթար Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդների միջև հանդուրժողականության միջավայր ստեղծելու համար շախմատի ճիշտ ընկալումը կարող է կարևորագույն խթան հանդիսանալ: Ըստ նրա՝ սա է պատճառը, որ Երևանի փողոցներում կտեսնենք մարդկանց, ովքեր սիրում և պաշտում են այս խաղը, և ահա, թե ինչու, որոշվեց այն դասավանդել մեր դպրոցներում: Ողջունելով մեր երկիր ժամանած շախմատիստներին՝ նշեց, որ նրանք ժամանել են աշխարհի շախմատային երկրներից մեկը, և օրեցօր ավելի ու ավելի շախմատային դարձող մայրաքաղաք Երևանը:

«Ուզում եմ ընդգծել՝ այս 4 տարիները ապացուցեցին, որ «Երևան Օփեն» միջազգային մրցաշարը կայացել է և դրա ընթացքը անկասելի է: Երևանի շախմատի ֆեդերացիայի անունից ցանկանում եմ պատրաստակամություն և հույս հայտնել, որ մեր գործընկերների ու հովանավորների հետ ապագայում էլ համախմբվելու ենք մեկ տանիքի տակ, որպեսզի «Երևանի Օփենը» երկար տարիների կյանք ունենա», - ասաց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր ելույթում նշեց, որ այսօր մեկնարկող «Երևան Օփեն» մրցաշարը կրկին ապացուցում է, որ Հայաստանը շախմատային հարուստ ավանդույթներով երկիր է: Նախարարն ընդգծեց, որ աշխարհում միայն 4 երկիր է կարողացել ամբողջ պատմության ընթացքում 3 և ավելի անգամ նվաճել շախմատային օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը, որոնցից մեկը Հայաստանն է:

«Շախմատը չափազանց մասսայական է Հայաստանում: Մեր երկիրը առաջինն էր աշխարհում, որ շախմատը որպես պարտադիր առարկա մտցրեց հանրակրթական ծրագիր: Դրա արդյունքում հազարավոր երեխաներ տիրապետում են շախմատին: Շուտով նրանցից շատերը ավելի կհմտանան և արդյունքն էլ սպասել չի տա: Կունենանք նաև վերլուծական միտք, որն այդքան անհրաժեշտ է մեր օրերում», - ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրանն Ավինյանի խոսքով՝ այսօր մեզ ավելի քան երբևէ իմաստություն և հեռատեսություն է պետք, որպեսզի արկածախնդրության և խաղաղության միջև կարևորվի խաղաղությունը, առանց որի մնացյալ ամեն ինչ երկրորդային է: Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է այսօր բացման խոսքով հանդես գալ այս սպորտային իրադարձությանը, որը լինելով իմաստության և հեռատեսության խորհդանիշ՝ հարյուրամյակներ շարունակ փաստում է, որ մտքի ուժը բազկի ուժից ավելի կարևոր է:

«Երևան քաղաքն այսօր մեծ պատիվ ունի դառնալ շախմատային կենտրոն և հանրահռչակել մտքի և խոհեմության հոմանիշ հանդիսացող սպորտը, որի զարգացման ու կայացման հարցում մեծ է հայ գրոսմայստերների վաստակը: Հայ մարզիկների՝ Տիգրան Պետրոսյանների, Ռաֆայել Վահանյանի, Կարեն Ասրյանի, Լևոն Արոնյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Էլինա Դանիելյանի և շատերի սպորտային ժառանգությունն իր տեղն է ունեցել և դեռ ունենալու է», - նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

Կազմակերպիչներն ընդգծեցին, որ մասնակիցների կազմը վկայում է այն մասին, որ հետաքրքիր շախմատային պահեր են սպասվում: Նրանք շախմատիստներին մաղթեցին գեղեցիկ, արդար և ազնիվ պայքար: Այնուհետև, Մխիթար Հայրապետյանը, Վահրամ Դումանյանը և Տիգրան Ավինյանը առաջին երեք խաղատախտակի վրա կատարեցին խորհրդանշական առաջին քայլը: