Շախմատի դպրոցների 1-ին թիմային առաջնություն

Դասական շախմատ


Երևանի շախմատի ֆեդերացիայի օժանդակությամբ, սույն թվականի սեպտեմբերի 14-ից, իր ընթացքը սկսեց շախմատի դպրոցների 1-ին թիմային առաջնությունը։ Մինչ այժմ դպրոցները մրցում էին արագ շախմատի կանոններով, սակայն մրցաշարը անցկացվում էր մի քանի օրում և մեկ տարածքում։

Այս մրցաշարի նորությունը կայանում է նրանում, որ թիմերը կմրցեն ստանդարտ շախմատի կանոններով, իսկ խաղերը տեղի կունենան դպրոցների տարածքներում։ Յուրաքանչյուր խաղափուլում տանտերերը կհյուրընկալեն մյուս վարչական շրջանների շախմատի դպրոցներին։ Որոշվել է, որ թիմերը կարող են գլխավորել դպրոցների փորձառու մասնագետները։ Թիմում կարելի է հայտավորել 15 խաղացող՝ 36 ընդհանուրից։ Դպրոցները լիարժեք չեն բացահայտել իրենց կազմերը և հետագայում հնարավոր է լինեն համալրումներ, սակայն մրցաշարին հայտավորված է արդեն 326 շախմատիստ։ Առաջնությունը կանցկացվի 3 ամսվա ընթացքում՝ շրջանային մրցակարգով, որտեղ բոլորը կխաղան միմյանց դեմ՝ հյուրի կամ տանտիրոջ կարգավիճակում։

Սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ առաջին խաղափուլը։ Նորք-Մարաշի դպրոցի հյուրն էր Վահանյանի շախմատի դպրոցը։ Թիմը գլխավորեցին փորձառու մարզիչները։ Արդյունքում Վահանյանի թիմը 13,5 ։ 1,5 հաշվով հասավ հաղթանակի։

(Խնդիրների դեպքում դպրոցների ֆեյսբուքյան հրապարակումները կարող եք դիտել համակարգչով կամ սմարթֆոնով՝ սեղմելով նկարում պատկերվածը)



1-ին խաղափուլի երկրորդ խաղը տեղի ունեցավ Ավանի մարզադպրոցում։ Ավանի հյուրն էր Նոր Նորքի մարզադպրոցը։ Թիմերը գլխավորեցին դպրոցների մարզիչները։ Հատկանշական է, որ որակավորման կարգ ունեցող մարզիկների հետ մասնակցում են նաև Ֆիդե-ի կոչում ունեցող շախմատիստները։

Մի քանի ժամ տևած պայքարից հետո Ավանի մարզադպրոցը համոզիչ հաղթանակ տարավ՝ 12 ։ 3 հաշվով։



Օրվա երրորդ խաղը Քանաքեռ-Զեյթուն համայնքում էր։ Տեղի մարզադպրոց էին եկել Էրեբունու շախմատիստները։ Թիմերի առաջին տախտակներին էին մարզիչները: Խաղն ավարտվեց Զեյթունի հաղթանակով՝ 10,5 ։ 4,5 հաշվով։





Օրվա վերջին խաղը քաղաքի մյուս հատվածում էր՝ Աջափնյակ թիմի հյուրն էր Արաբկիրը։ Այստեղ ևս մարզիչների օգնությամբ խոշոր հաղթանակ տարավ Արաբկիրի մարզադպրոցը՝ 12 ։ 3 հաշվով։





Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, տեղի ունեցավ 1-ին խաղափուլի վերջին խաղը։ Դավթաշենի դպրոցը սեփական պատերի ներքո ընդունել էր Մալաթիայի շախմատի դպրոցի թիմին։ 3 ժամ պայքարից հետո Դավթաշենը հաղթանակ տոնեց՝ 10,5 ։ 4,5 հաշվով։ Հետաքրքիր էր, որ Դավթաշենի կազմում առաջին խաղատախտակներին մասնակցում էին դպրոցի առաջատար սաները։




Դպրոցների կենտ թվի պատճառով յուրաքանչյուր խաղափուլում մեկը լինելու է ազատ։ Այս անգամ խաղին չմասնակցեց Նուբարաշենի շախմատի դպրոցը։

Մրցաշարային աղյուսակն առայժմ գլխավորում են առաջին խաղափուլի հաղթողները։ Առաջնահերթ կարևորվում է թիմային հաղթանակը, ապա նոր՝ ավելի խոշոր հաշիվ գրանցած թիմը։

Արդյունքներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։