Նոյեմբերի 16-ին, հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, Երևանի շախմատի ֆեդերացիան Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կազմակերպել էր շախմատի մրցաշար։ Հայրենիքի պաշտպանները մրցեցին ԱԺ պատգամավորների հետ։
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ Մխիթար Հայրապետյան․
Այսօր` հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համատեղ նախաձեռնությամբ Աբաջյանի անվան սրահում անցկացրինք շախմատային մրցաշար` Ազգային ժողովի պատգամավորների և բուժվող զինվորների միջև:
Միջոցառմանը ներկա էին Արցախի հերոսի ընտանիքի անդամները, շախմատային աշխարհի ներկայացուցիչներ, իսկ զինվորների հետ շախմատ խաղացին պատգամավորներ Արտակ Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Դավթյանը և ես:
Որպես Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ` հայտնեցի մեր պատրաստակամությունն ու աջակցությունը` մրցաշարն ամենամյա, աշխարհագրորեն ավելի ընդգրկուն ու լայնամասշտաբ դարձնելու հարցում:
Մրցաշարից հետո ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ շրջեցինք կենտրոնում, ծանոթացա զինվորների բուժման պայմաններին, շփվեցի տղաների հետ, ծանոթացա նրանց առօրյային:
Քննարկեցինք նաև կրթական ոլորտին, մասնավորապես, կրթության արտահանմանը, բուհերի արդիականացմանը առնչվող մի շարք հարցեր: