Եվ Երևանի շախմատի ֆեդերացիայի
Մամլո հաղորդագրություն
ԶԼՄ-ների միջև շախմատի 5-րդ մրցաշարի վերաբերյալ․
Նոյեմբերի 30-ին ժամը 14։00-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը (հասցե՝ Խանջյան 50, Երևան, ՀՀ, հեռ․՝ +374-10-570758) տեղի կունենա լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև շախմատի 5-րդ մրցաշարը:
Մրցաշարը կանցկացվի Երևանի շախմատի ֆեդերացիայի հովանավորչությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:
Մրցաշարը կանցկացվի ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, շվեյցարական մրցակարգով, 7 խաղափուլով: Մասնակցին տրվում է 10 րոպե մինչև խաղի ավարտը` յուրաքանչյուր քայլի համար 5 վայրկյան հավելումով:
Մրցաշարի գլխավոր մրցավարն է Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը։
Մրցաշարի մրցանակաբաշխությանը ներկա կգտնվի և մրցանակներ կհանձնի Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
1-3-րդ տեղեր զբաղեցրած մասնակիցները միջոցառման հովանավորի կողմից կպարգևատրվեն գավաթներով, պատվոգրերով և գումարային մրցանակներով: Մրցանակներ կսահմանվեն նաև 5 հատուկ անվանակարգերով․ 4-րդ տեղ զբաղեցրած ԶԼՄ-ի ներկայացուցիչ, ամենագեղեցիկ հաղթանակի համար, կամքի ուժ դրսևորելու համար, ամենաարագ հաղթանակի համար, ամենատարեց մասնակից:
Այս տարվա մրցաշարին նախատեսվում է տարբեր ԶԼՄ-ներ ներկայացնող շուրջ 20 լրագրողի մասնակցություն:
Շախմատային մրցաշարի անցկացումը ԶԼՄ-ների միջև նպաստում է շախմատի մասսայականությանը հանրապետությունում:
Հիշեցնենք՝ անցած չորս մրցաշարերում (2015, 2016, 2017 և 2018 թվականներ) հաղթող է ճանաչվել «Գոլոս Արմենիի» թերթի թղթակից Վադիմ Մկրտչյանը: