«Պարտված դիրքում չպետք է ցույց տաս, որ պարտվում ես». Ալեն Երեմյան



«Շախմատային անցուդարձ» թեմայի շրջանակում զրուցել ենք շախմատիստ Ալեն Երեմյանի հետ։ Նա պատմել է, թե ինչպե՞ս և ինչո՞ւ դարձավ շախմատիստ և հիմա ի՞նչ նպատակներ ունի։

Ալեն Երեմյանը պրոֆեսիոնալ շախմատով սկսեց զբաղվել 8 տարեկանից։ Ընտանիքում նրա հայրը սիրում էր շախմատ խաղալ, տանը սովորեցնում էր նաև Ալենին, որովհետև նկատել էին՝ շախմատային հանդեպ հետաքրքրվածություն ունի։

«Հայրս նաև շախմատիստ ընկեր ուներ, որը միջազգային վարպետ էր, նա էլ էր սովորեցնում։ Ընդհանրապես, շախմատում ինձ գրավեց շախմատային մարտավարությունը։ Ինքս որոշեցի, որ ուզում եմ շախմատիստ դառնալ ու դա անել պրոֆեսիոնալ կերպով», - պատմում է Ալեն Երեմյանը։

Ալենը շախմատում գերադասում է դիրքային խաղերը, բայց նաև նախապատվությունը տալիս է տակտիկական խաղերին։ Բարձր մակարդակում սկսել է դիրքային խաղալ, բայց տակտիկական մրցաշարեր էլ են եղել։

«Սովորաբար սիրում եմ սպիտակներով խաղալը, որովհետև առաջին քայլը քոնն է և դու ես առաջադրում քո դեբյուտը։ Առավելությունը դա է, բայց ընդհանուր առմամբ, տարբերություն չկա՝ սևերո՞վ, թե՞ սպիտակներով»։

Ալենին շախմատից կտրելու փորձեր շատ են եղել։ Նախ բակի ընկերները, որոնք սիրում էին ֆուտբոլ խաղալ, Ալենին կանչում էին իրենց հետ խաղալու։ Հետաքրքրության համար շախմատիստը փորձել է նաև ֆուտբոլով զբաղվել, բայց, ի վերջո, ընտրեց շախմատը։ Ֆուտբոլը հիմա հոբբի է, ընկերների հետ ժամանակ անցկացնելու միջոց։

«Չի եղել, որ ընկերներս ասեն, թե ինչու եմ ընտրել շախմատը։ Իրենք էլ են տեսնում, որ շախմատում ավելի մեծ հաջողությունների կարող եմ հասնել, քան ֆուտբոլում կամ այլ սպորտաձևում։ Եղել են նաև դեպքեր, որ ես եմ փորձել ընկերներիս շախմատ սովորեցնեմ, նրանց էլ ներգրավեմ այս ինտեկելտուալ խաղում»։

Մրցաշարերի պատրաստությունը երկարատև և կարևոր շրջան է յուրաքանչյուր շախմատիստի համար։ Ալեն Երեմյանն այդ ընթացքում ուշադրություն է դարձնում իր սկզբնախաղերին, վերջնախաղերին։

«Նաև ֆիզիկապես եմ կոփվում։ Հայաստանի, Եվրոպայի առաջնություններից առաջ միշտ վազում էի։ Ֆիզիկապես ուժեղ լինելով կարողանում ես երկար խաղալ, շուտ չես հոգնում խաղատախտակի առաջ նստելով»։

2017 թվականին կայացած Եվրոպայի առաջնությունը Ալենի համար հիշարժան է։ Այդ ժամանակ հաղթանակ գրանցեց իրենից ավելի բարձր միավորներ ունեցող շախմատիստի նկատմամբ․

«2017 թվականին՝ Եվրոպայի առաջնության առաջին տուրի ժամանակ սևերով հաղթեցի Թուրքմենստանը ներկայացնող մրցակցիս։ Չնայած, որ իմ մրցակիցը ուժեղ էր՝ ֆիդեի վարպետ էր, ես էլ միջազգային ռեյտինգ ունեի՝ 1870, իրենը՝ 2400 էր։ Խաղացի և հաղթանակի հասա։ Այդ խաղը շատ հետաքրքիր էր, անսպասելի էր բոլորի համար, բայց վստահ էի, որ կհաղթեմ»։

Հիմա Ալենի շախմատային նպատակը գրոսմայստեր դառնալն է։ Այժմ ֆիդեի վարպետ է, պետք է միջազգային վարպետի նորման էլ լրացնի, մասնակցի միջազգային մրցաշարերի և հայտնվի աշխարհի առաջնությունում։