Շիրակացու ճեմարան գիտակրթական համալիրը և Երևանի շախմատի ֆեդերացիան կազմակերպեցին շախմատի մրցաշար։ Այն նվիրված էր լեգենդար շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվան։
Շախմատի մրցաշարին մասնակցեցին ճեմարանի սաները։ Մրցաշարը անցկացվեց 2 փուլով։ Շախմատիստները ստացան պատվոգրեր և գրքեր։
Մրցաշարին հետևեց հայ շախմատիստ, գրոսմայստեր, այդ կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստ Ռաֆայել Վահանյանը։ Նա ողջույնի խոսքով հանդես եկավ և պատասխանեց շախմատային կյանքում առաջին քայլերն անող երեխաների հարցերին։
Իր ելույթում Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանը շնորհակալություն հայտնեց երեխաներին՝ շախմատը կարևորելու և դրանով զբաղվելու համար։
Շիրակացու ճեմարան գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը շնորհակալություն հայտնեց Երևանի շախմատի ֆեդերացիային՝ այս միջոցառումը կազմակերպելու և Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը շախմատիստների համար տոն դարձնելու համար։
Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրվա առթիվ ճեմարանի շախմատիստ սաները դիտեցին լեգենդար շախմատիստի մասին պատմող ֆիլմը։